20/09/2017 02:35
ԵՄ համաձայնագիրը կօգնի նոր թափ հաղորդել ինստիտուցիոնալ բարեփոխումներին. ՀՀ նախագահ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում», - ասաց նա։
«Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին», - նշեց ՀՀ նախագահը։