21/09/2017 13:47
Աստղիկն ու Լիդիան, ովքեր հրաժարվել են քաղաքային կյանքից, մեկնել սահմանամերձ Չորաթան աշխատելու (Տեսանյութ, լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում մարդիկ հիացմունքով են խոսում «քաղաքից եկած» երիտասարդ երկու ուսուցչուհիների մասին ու որպես բացառիկ երևույթ՝ գյուղ եկած լրագրողներին առաջարկում նրանց հետ հարցազրույց անել:
Չորաթանի միակ դպրոցում դասերն ավարտվել են, բայց չեն շտապել փակել դարպասները: Բարձր դասարանների աշակերտները Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման փորձն են անում: Նրանց հետ աշխատում են, պարել սովորեցնում իրենց նոր, երիտասարդ ուսուցչուհիները՝ 21-ամյա Աստղիկ Սահակյանը և 22-ամյա Լիդիա Հարությունյանը:
Ժպտադեմ Աստղիկի համար երջանկություն է Չորաթանի դպրոցում աշխատելը: Մանկավարժ դառնալու մասին մտքեր ունեցել է փոքրուց, երբ տեսել է՝ ինչպես է աշխատել մայրը: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, տեղեկացել «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության մասին, դիմել է ու նրանց միջոցով հասել Չորաթան:
«Կրթության հավասար պայմանների իրավունք ունեն բոլորը: Երեխան մեղավոր չէ, որ ծնվել է սահմանամերձ գյուղում և շատ մասնագետներ էլ, հեռանալով քաղաք, չեն ապահովում նրանց կրթությամբ: Բոլոր երեխաներն էլ պետք է հավասար կրթություն ստանան», - Aysor.am-ին ասում է Աստղիկը:
Ասում է՝ ընտանիքը նորմալ է ընդունել սահմանամերձ գյուղ տեղափոխվելու և այնտեղ առանց հարազատների ապրելու իր որոշումը. «Ես և իմ ընտանիքը գիտակցում ենք, որ ես անում եմ գործ ոչ թե միայն որպես աշխատանք, այլ ես անում եմ գործ ինձ համար և իմ կողքինների, այս դեպքում՝ երեխաների համար: Իսկ երեխաներն ամենակարևորն են»:
Երիտասարդ ուսուցչուհին Չորաթանի դպրոցում ռուսերեն է դասավանդում: Ասում է՝ արդեն հասցրել է սիրել երեխաներին, նույնիսկ ընկերացել են:
Կրթության հավասար պայմաններ ապահովելու մասին կազմակերպության սկզբունքը հրապուրել է նաև Արարատի մարզի Բանավան համայնքի բնակիչ Լիդիա Հարությունյանին: Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն ավարտելուց հետո թուխ մաշկով, սիրուն աչքերով ու հմայիչ ժպիտով գեղեցկուհին աշխատանքի փնտրտուքներում ընտրում է Չորաթան մեկնելն ու տեղի դպրոցում ուսուցչուհի աշխատելու հնարավորությունը:
Լիդիան երեխաներին անգլերեն է դասավանդելու, որին զուգահեռ սովորում է ԵՊՀ-ում՝ մանկավարժի որակավորում ստանալու համար:
«Սկզբում, երբ եկել էի դպրոց, երեխաների մի մասը խանդավառ էր, մոտենում, խոսում էին, որոշ մասն էլ կասկածով էր նայում, կարծես, մտածում էին՝ տեսնես՝ ի՞նչ է սովորեցնելու: Բայց ընթացքում ամեն ինչ հարթվում է», - ասում է Լիդիան:
Աղջիկները գյուղում տուն են վարձակալել և ապրում են այնպես, ինչպես՝ «սովորական գյուղացին»: «Ես նրանցից ոչ մի բանով ավելի չեմ, որ ասեմ՝ ես պետք ա ջուր ունենամ, կահույք կամ լավ պայմաններ: Չէ: Ես ապրում եմ ու շատ լավ է, որ ապրում եմ նման պայմաններում, ինչպես իմ աշակերտներն ու մյուսները», - ասում է Աստղիկը:
«Հայաստանը Երևանը չի, պետք է նաև համայնքներից սկսել: Եթե մարդը ներդրում ունի համայնքի զարգացման մեջ, իհարկե, պետք է շարունակի այդ ներդրումն ունենալ», - Չորաթանում աշխատանքը շարունակելու մասին հարցին ի պատասխան ասում է Լիդիան: