21/09/2017 11:23
Ռուսաստանը միշտ դիտարկվել է որպես Հայաստանի դաշնակից, հիմարություն է ասել, թե հայերը չեն վստահում ՌԴ-ին. Գևորգ Պողոսյան
Հայերի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ միշտ էլ դրական է եղել՝ ընդհուպ մինչև 80 տոկոս, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
«Այս 25 տարվա ընթացքում մենք բազմաթիվ հարցումներ ենք իրականացրել և միշտ դրել ենք այդ հարցադրումը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական այլ երկրների նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքը։ Միշտ էլ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը դրական է եղել՝ ընդհուպ մինչև 80 տոկոս», - ասաց սոցիոլոգը՝ հավելելով, թե հայերն ընդամենը երկու երկրի նկատմամբ են բացասական վերաբերմունք արտահայտում ու նշում սոցոլագիական հարցումներում՝ Թուրքիա և Ադրբեջան։
Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբեք բացասական չի եղել վերաբերմունքը նաև Եվրամիության անդամ երկրների նկատմամբ.
«Պետք է հասկանանք նաև, որ նույնիսկ այն 80 տոկոս քաղաքացիները, ովքեր մեր տարբեր հարցումներում Ռուսաստանը նշում են որպես Հայաստանի բարեկամ, անվտանգության երաշխիք երկիր, չեն ասում, թե ԵՄ անդամ երկրները բարեկամ երկրներ չեն»։
Սոցիոլոգը նշեց նաև, թե ասել, որ հայերը միայն մի կողմն են նախընտրում, կլինի շատ միամիտ։
«Իրականում բոլոր երկրների հետ էլ և՛ ունեցել ենք լավ հարաբերություններ, և՛ շարունակում ենք ունենալ լավ հարաբերություններ, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի», - նշեց Գ.Պողոսյանը։
Դիտարկմանը, թե բոլորովին վերջերս սոցոլագիական հարցման արդյունքներ էին հրապարակվել, որտեղ նշված է, թե հայերն իրենց անվտանգությունը չեն վստահում Ռուսաստանին, Գևորգ Պողոսյանն արձագանքեց. «Հիմարություն է ասել, թե հայերն իրենց անվտանգությունը չեն կապում Ռուսաստանի հետ կամ չեն վստահում Ռուսաստանին։ Ռուսաստանը միշտ էլ դիտարկվել է որպես Հայաստանի դաշնակից երկիր։ Էլ չեմ ասում, որ մեր զինված ուժերի 90 տոկոս զենքը ռուսական է, բացի այդ էլ, մեր սպաների մեծ մասը սովետական բանակում ծառայած մարդիկ են։ Այսինքն՝ և՛ զենքով, և՛ սպայական կազմով ու կադրերով կապված ենք եղել Սովետմիության և Ռուսաստանի հետ։ Նույնիսկ այն տարիներին, երբ Ռուսաստանի հետ լարված իրավիճակ էր՝ պայմանավորված Գյումրիում Պերմյակովի գործողություններով, հետո նաև, երբ պարզվեց, որ Ռուսաստանը մեր թշնամուն զենք է վաճառում, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը գուցե մի փոքր նվազել էր, բայց երբեք բացասականի չի հասել»։
Սոցիոլոգի խոսքով՝ փոքր երկրներն ինչ-որ մի հզոր ռազմական դաշինքի պետք է հարեն կամ անդամակցեն, որպեսզի ապահովվեն իրենց անվտանգությունը.
«Եթե հիմա ՀԱՊԿ-ին չանդամակցենք, պետք է ՆԱՏՕ-ի մաս կազմենք, բայց չէ որ ՆԱՏՕ-ում էլ Թուրքիան կա։ Շատ հարցեր կան, և միայն մի ուղղությամբ չպետք է դիտարկել հարցը»։
Նրա խոսքով՝ որևէ հարցի վերաբերյալ կարծիք կազմելու կամ հարցման արդյունքներ ունենալու համար չպետք է ընտրովի քաղաքներում այն անցկացնել, խտրականություն չպետք է լինի։
«Իհարկե, այդտեղ մեթոդաբանական շեղում կա։ Բացի այդ, ինձ թվում է այդպիսի արդյունքի հասնելու համար քաղաքական կոնյունկտուրան է աշխատում։ Մասնագիտական սոցիոլոգիական կենտրոններն աշխատում են այդ կոնյունկտուրայից դուրս մնալ, որովհետև հանրային կարծիքն այդքան չի տրվում քաղաքական կոնյունկտուրային, ավելի շատ առանձին գործիչներ կամ քաղաքագետներ կարող է ուզենան այս կամ այն տեսակետը պաշտպանել։ Բայց պետք չէ հանրությանը խառնել այդ ամենին»։