21/09/2017 14:27
Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեից
Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ-Ջաաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել, որով կոչ են արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից, փոխանցում է РИА Новости-ն:
Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
«Նախարարները վճռական հանձնառություն են հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը և մտահոգություն հայտնել, որ հանրաքվեն մեծ վտանգի տակ է դնում ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները, հակասահմանադրակն է և կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրել: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական շրջանի ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել հանրաքվեի անցկացումից, և համաձայնել են այդ առնչությամբ քննարկել համակարգված պատասխան քայլերի ընդունման հարցը», - ասված է հայտարարությունում: