21/09/2017 15:41
Լապշինը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչները հարցաքննություն իրականացնում
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները:
«Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Թալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը: Նրանք լավ խոսում էին ռուսերեն, ոչ տեղին և ոչ ծիծաղելի սրամտություններ էին անում «Կովկասյան գերուհին» և «Միմինո» ֆիլմերից մեջբերումներով, և ամեն կերպ ինձ համոզում էին, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու խոստովանությունը կմեղմի իմ պատիժը: Քննիչները հատուկ թշնամություն էին դրսևորում Ռուսաստանի նկատմամբ: Այդքան անհեթեթ և բացահայտ անհիմն մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին ես անգամ չէի սպասում լսել:
Քննիչները տասն անգամ նույն հարցն էին տալիս. Ադրբեջանի իշխանությունները Թալիբովին «հիմար դրության» մեջ էին դրել՝ ստիպելով ամեն օր գալ կալանավայր և կրկին տալ Հայաստանի հատուկ ծառայությունների համար «աշխատելու» հարցը: Անգամ փոքր-ինչ խղճում էի նրան:
Թալիբովը վստահամբ հասկանում էր, որ դատարկ գործով է զբաղվում, և ոչ մի հատուկ ծառայություն էլ չկա, բայց վերևներից պահանջում էին ցուցադրական գործընթաց, և նա առանց առանձնահատուկ եռանդի կատարում էր իր աշխատանքը:
Մասնավոր զրույցներում նրանք խոստովանում էին՝ «Գիտես՝ մեզ պե՞տք է»: Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր՝ «թեկուզ մենք կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը՝ ճանապարհորդ բլոգերի ենք բռնել»: Դա ինչ-որ առումով պետք է աջակցեր ադրբեջանական հասարակությունում հուսահատ տրամադրություններին: Բայց, ինչպես ասացի, ստացվեց ինչ-որ անհեթեթ ֆանտասմագորիա՝ սկսած այդ ժամանակ քիչ հայտնի բլոգերին քարշ տվող դիմակներով հատուկ ջոկատայիններից և ավարտած ցուցադրական դատով, որը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում և տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Սեպտեմբերի 10-ին խցիկում ինձ սպանելու փորձը և սեպտեմբրեի 11-ի առավոտյան անսպասելի ինձ ներում շնորհելը և AZAL չվերթի բիզնես կարգով անհապաղ Թել Ավիվ ուղարկելը ոչ մի բանի մեջ չի տեղավորվում», - գրել է Լապշինը: