21/09/2017 10:54
Ոստիկանությունը պատանդ վերցրած երիտասարդին սպանել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ. ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Հատուկ քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ նախաքննության նյութերի, օգոստոսի 28-ին` Երևանի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, Գ. Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Երևան քաղաքի բնակչուհի Մ. Թ.-ին:
Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ. Հակոբյանը, կնոջ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
Գ. Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Գ. Հակոբյանը վնասազերծվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Սակայն հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ուստի ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը»:
ՀՔԾ-ից նշում են, որ նկատի ունենալով, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց` ոստիկանների կողմից, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար: