21/09/2017 10:31
Հայաստանը տոնում է անկախության 26-ամյակը
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:
Արդյունքում հայ ժողովուրդը միասնաբար՝ 99 % ձայների մեծամասնությամբ «Այո» ասաց անկախությանը:
Այսպիսով Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի14-ին ճանաչել էր Հայաստանի հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո 1991 թվականի ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: