21/09/2017 20:03
Նախագահ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ
Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար,յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում։
«Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման», - ասել է նա։
Ս.Սարգսյանի խոսքով, քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է, իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են:
«Անվտանգության հարցերը մեր պարագայում կապված են մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Այստեղ չկան մանրուքներ կամ երկրորդական հարցեր: Սա է մեր միասնական պատասխանը անվտանգության մեր բոլոր մարտահրավերներին: Նաև խորհրդանշական է, որ այս խոսքերը հնչում են այստեղ` Պաշտպանության նախարարության՝ մեր զինված ուժերին սազական այս վարչական համալիրում», - ասել է ՀՀ նախագահը։