22/09/2017 12:58
Լավ երկիր ունենալը շենքեր կառուցելու մեջ չէ, պետք է մարդկանց ուշադրություն դարձնել. Գարո Արմեն (Տեսանյութ)
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր Գարո Արմենը, որ Հայաստանում նախաձեռնել է ներդնել ՍՄԱՐԹ կենտրոնների գաղափարը, իր աշխատանքներն է ծավալում դեռևս 2003 թվականից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գարո Արմենն ասաց, որ ՍՄԱՐԹ ծրագրի համար գյուղերն են ընտրել, քանի որ գյուղի բնակիչները հայ ազգի համար կարևոր ռեսուրս են։
«Ընդհանուր առմամբ, կարող ես լսել կարծիքներ, թե իբր գյուղի բնակիչները մի քիչ տգետ են, բայց իրականությունը բոլորովին հակառակն է, որովհետև մեր գյուղերում շատ զարգացած, մշակութային մտածողությամբ մարդիկ են ապրում։ Իրենք շատ զարգացած են, բայց, դժբախտաբար, առանց հույսի են ապրում, որովհետև իրենց կարևորություն չեն տալիս։ Եվ հիմա, եթե իրենց հույսը վերականգնենք, իրենց աշխատանքի արդյունքն էլ կարող է հոյակապ լինել։ Դրա համար էլ սկսել ենք այս գործը, բանաձևն արդեն հաստատված է», - ասաց Գարո Արմենը։
Նա նշեց, թե այս տարիների ընթացքում հոյակապ արդյունքով են աշխատել։ Արդյունքն, իհարկե, ըստ Գարո Արմենի, միայն դպրոցներ նորոգելը չէ։
«Շատ աշխատելու կարիք էլ առանձնապես չկա, որովհետև իրենց գաղափարները բավականին լավն են, բայց ռեսուրս է պետք։ Մեր նպատակն է այդ 50 գյուղում կատարած աշխատանքները Հայաստանի մյուս գյուղերում տարածելը և շատ արագ տարածելը։ Պետք է լավ աշխատենք և հաջողություններ ունենանք», - նշեց Գարո Արմենը։
Նրա խոսքով՝ անցյալ 13-14 տարվա գործերն ավելի մեթոդիկ են եղել։ Հիմա պետք է այն կտրուկ տարածել և ՍՄԱՐԹ-ի գաղափարը ճիշտ իրականացնել.
«ՍՄԱՐԹ-ը հրաշալի գաղափար է, այստեղ մեր երիտասարդները և գյուղացիները կարող են մասնակցություն ունենալ, կարող են հասկանալ, որ մեծ նպատակներ կարող ենք իրականացնել»։
Հեռանկարներ Գարո Արմենը տեսնում է։
«Անցյալ անգամ երիտասարդներն ինձ հարցնում էին, թե ինչու եմ այսպիսի գործ անում, ասացի, որ այս համայնքներն աշխարհի ամենասիրուն տեղերից են և դուք Հայաստանի ամենալավ, ամենաբարձրագույն երիտասարդներն եք։ Պետք է դրան հավատալ և այդ հավատքով կարելի է հրաշալի բաներ իրականացնել», - պատմեց նա։
Սակայն, խնդիրներ ևս կան։ Գարո Արմենն ասաց, թե ՍՄԱՐԹ-ի գաղափարն ավելի տարածելու համար գումարի և ռեսուրսի պակաս կա։
«Սփյուռքում գտնվող հայերն էլ պետք է մասնակցեն այս գործին, որովհետև Հայաստանը ներկայացնելը, լավ երկիր ունենալը ոչ թե շենքներ կառուցելու մեջ է, այլ պետք է մարդկանց ուշադրություն դարձնել, իրենց սեր ու վստահություն պետք է տալ, որ կարողանան իրենց գործերն իրականացնել։ Հայ ազգը, դժբախտաբար, սիրում է նոր շենքեր կառուցել, նոր եկեղեցիներ կառուցել։ Դրանք սիմվոլիկ բաներ են։ Իրականությունն այն է, որ եթե դու չկարողանաս մարդկային ռեսուրս ներկայացնել, անհնար է, որ որպես ազգ կարողանաս հաջողություն ունենալ։ Դա, իհարկե, հեշտ գործ չէ», - նկատեց Գ. Արմենը։
Աջակցողներն, իհարկե, շատ չեն. «Տեղացիները չեն աջակցում, բացի մեր աշխատողներից։ Մեր աշխատակիցներն աշխատում են հույսով, հավատքով, և իրենք արդեն մեծ հաճույքով են աշխատում։ Դժբախտությունն այն է, որ յուրաքանչյուրն այստեղ իր նախագիծն ունի, չեն ուզում համագործակցել։ Դա տարօրինակ է։ Բայց պետք է օբյեկտիվորեն քննարկենք ու հասկանանք, թե մեր իրականացրած նախագծի արդյունքն ինչ է։ Համախմբում չկա և շատ խառնված են աշխատում, բոլորն էլ իրենց նպատակներն ունեն, բայց պետք է հասկանանք, թե դրանք իրենց անձնասիրության նպատակին են ծառայում, թե հայասիրության։ Թե չէ հիմար ձևով վազվզում և հիմար նախագծերի ենք հետևում»։
Նշենք, որ Հայաստանում կրթական նորարար ծրագրերի զարգացման վերաբերյալ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի իր ելույթում խոսել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն», - նշել էր Ս.Սարգսյանը: