22/09/2017 14:32
«Արարատյան բակալավրիատ» ծրագրում կներգրավվի Հայաստանի և Արցախի 21 ավագ դպրոց
Կրթության որակի բարձրացման և դպրոցներ խոշորացման ծրագրի շրջանակում վերամիավորվել է 13 հանրակրթական դպրոց, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թ.-ի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախարարության իրականցրած ծրագրերն, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
2016 թվականին ԿԳՆ-ն «Կրթության բարելավում» վարկային ծրագրով Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում գործարկել է 24, իսկ 2017-ին՝ Արագածոտնի, Սյունիք, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ 23 նախակրթարան։
2017 թվականին հանրապետության 13 դպրոցում սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշվի», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցումը։ «Վերապատրաստվել է 46 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է 1600 սովորող», - նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ 2017 թվականի սեպտեմբերից հանրապետությունում մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է «Տեխնոլոգիա», իսկ 250 դպրոցների 10-րդ դասարաններում ներդրվել է «Ձեռնարկատիրություն» փորձնական առարկաները։
Լևոն Մկրտչյանը կարևորեց «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը՝ նշելով, որ դրանում կներգրավվեն նաև ավագ դպրոցները։
«ՀՀ մազրերի և Արցախի 21 դպրոց ներառվել է «Արարատյան բակալավրիատի» դպրոցական թեկնածության փուլում։ Մեկնարկել է ծրագրում ուսուցիչների ներգրավվման գործընթացը։ Այս պահին ծրագրում ներառվել է ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 110 ուսուցիչ», - նշեց նախարարը։
Լ. Մկրտչյանն ընդգծեց նաև, որ անհրաժեշտութուն է առաջացել վերանայել հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներկայցվել է կառավարությանը։
Նրա խոսքով՝ նույն ֆինանսավորման բանաձևով չեն կարող գործել այն դպրոցները, որոնք ունեն 300 աշակերտ և միևնույն ժամանակ նրանք, որոնց աշակերտների թիվը մի քանի անգամ գերազանցում է 300-ը։ Լևոն Մկրտչյանը հույս հայտնեց, որ 2019-ին հնարավոր կլինի անցում կատարել ֆինանսավորման նոր բանաձևի։