22/09/2017 09:55
Գալուստ Սահակյան. Վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն պետք է առաջադրի Սերժ Սարգսյանին. «Իրավունք»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը «Իրավունք»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 2018-ի վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն պետք է առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է և, բնականաբար, գտնում են, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ՝ որովհետև Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որևէ մեկի հետ չի խոսում: Իսկ ես իմ կարծիքն եմ ասում՝ ովքեր ցանկանում են, թող միանան իմ կարծիքն»:
Իր վերջին հարցազրույցում Գալուստ Սահակյանը «բթամտություն» էր որակել ՀՀ կառավարության՝ ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգի մշակման գաղափարը, որը որպես հանձնարարություն վարչապետից ստացել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Թերթի հետ զրույցում, պարզաբանելով իր հայտարարությունը, Սահակյանն ասել է. « Նախ ասեմ, որ ինձ լրագրողները հարց էին տվել, թե ինչպես եմ վերաբերում, որ Հայաստանում ռուսաց լեզուն, որպես երկրորդ լեզու, լինի: Այդ իմաստով բարկացած եմ խոսել, որովհետև դա հնարավոր չէ: Մենք այդքան մեծ ռուսական համայնք չունենք, որ ռուսերենը երկրորդ լեզու լինի: Բացի այդ, յուրաքանչյուր հայ, երբ խոսում է, պետք է մտածի, որ մեր լեզուն մեր արժեքն է, մեր ամբողջ ավանդույթն է, մեր ժողովրդի պատմական գոտին է: Չի՛ կարելի անընդհատ նույն հարցի մասին խոսել: Իմ ասածը սա էր, մինչդեռ տարբեր լրատվամիջոցներում գրել էին, թե իբրև ինձ հարց են տվել այն մասին, թե վարչապետը և ԿԳ նախարարը ռուսաց լեզվի ինչ-որ հայեցակարգ են առաջարկում՝ դպրոցում անցնելու համար, ես էլ դրան եմ պատասխանել: Մինչդեռ իրականում իմ խոսքից հետո՝ միայն վերջում են հարցրել՝ բա ինչո՞ւ է վարչապետը այդպես անում: Ես էլ պատասխանել եմ, որ այդ մասին չգիտեմ, և այս պահին էլ չգիտեմ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: