22/09/2017 18:32
«Շնող ՀԷԿ»-ի ծրագրի իրականացմանը կարող է մասնակցել Ասիական Զարգացման բանկը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են «Շնող ՀԷԿ»-ի կառուցման, բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին։
Շեյն Ռոզենթալը նախարարին տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի ներդրողների ակումբի հետ քննարկել է «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրը և դրա իրականացմանը ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունը։
Խոսելով Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության վերջերս ընդունած որոշման մասին` Աշոտ Մանուկյանը ներկայացրել է դրա նպատակներն ու նշանակությունը։ Կարևորվել է ինչպես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման, այնպես էլ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 6 ենթակայանների արդականացման և տեխնիկական վերազինման խնդիրը՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման համատեքստում։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման ընդլայնման SCADA համակարգի ներդրման ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: