22/09/2017 17:17
Մեզ համար ապագա վարչապետի անձը կարևոր չի լինելու. «Ծառուկյան» խմբակցության անդամ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, իրենց խմբակցության կողմից 2018-ին Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրելը ինքնանպատակ քայլ կլինի:
«Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունի «Հանրապետական» խմբակցությունը, որին միացել է «Դաշնակցություն» խմբակցությունը, որը լրացուցիչ ռեսուրս է: Վարչապետի թեկնածու առաջադրելը իրենց տիրույթում գտնվող հարց է: Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրի իր վարչապետին: Մենք այդ գործընթացին չենք կարող միջամտել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով վարչապետի նշանակման մասին հարցին:
Պատգամավորի խոսքով, իրենք կարող են արտահայտել արդեն պաշտոնապես հայտարարված թեկնածուի նկատմամբ իրենց վերաբերմունքը:
«Եթե իրենց ծրագրերի իրականացման համար կընտրեն այնպիսի վարչապետ, որն իսկապես մեր կողմից ընդունելի չի լինի, բնականաբար, մենք մեր տեսակետը կարտահայտենք: «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող ինքնանպատակ որևէ առաջարկ անել: Եթե մենք գիտենք, որ մեր վստահության քվեն ժողովուրդը 31 մադատով է ապահովել, մենք հասկանում ենք, որ 31 մանդատը 60-ից քիչ է: Այդ տրամաբանության մեջ ինքնանպատակ առաջադրումը իմաստ չունի», - հավելեց պատգամավորը:
Հարցին, թե ՀՀԿ-ի հնարավոր երկու թեկնածուներից՝ Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, յուրաքանչյուրի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի խմբակցությունը, Բագրատյանը պատասխանեց, որ խորհրդարանական կառավարման դեպքում թեկնածուների անձը «շատ քիչ դեր է ունենալու»:
«Եթե քաղաքական ուժը ունի ծրագիր, ապա ցանկացած անձ այլևս պետք է ենթարկվի քաղաքական ուժի որոշումներին, հետևաբար ներկայումս գործող ուղղաձիգ կառուցվածքը ապրիլից հետո չի լինելու: Այսինքն՝ այլևս չկա երկրի նախագահ, որը լիազորված է նշանակելու ուժային կառույցի ղեկավարներին, որը լիազորված է դատավորներ նշանակել և այլն», - հավելեց պատգամավորը:
Փորձեցինք հստակեցնել՝ այսինքն՝ վարչապետի անձը «Ծառուկյան» խմբակցության համար կարևոր չի՞ լինելու, Բագրատյանը արձագանքեց. «Այո, մեզ համար անձը կարևոր չի լինելու: Մեզ համար կարևորը այն է, որ փոխվող համակարգը իսկապես աշխատի լիարժեք»: