22/09/2017 14:56
Վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ. Լևոն Մկրտչյան
ՀՀ պետական լեզուն հայրենն է ու կմնա հայերենը, մնացյալ բոլոր լեզուները օտար լեզուներ են, լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Դիտարկմանը, թե արդյոք վարչապետը հանձնարարական չի տվել ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ, նախարարը նշեց.
«Վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ։ Վարչապետի հանձարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզուների ուսուցման համակարգում», - ասաց նախարարը, ապա ավելացրեց, որ արդյունքում մշակվել են լատինատառ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների և ռուսաց լեզվի հայեցակարգեր։
«Դպրոցներում 2-րդ դասարանից պարտադիր անցնում են ռուսաց լեզու, որովհետև այն ԱՊՀ երկրներում և եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքային լեզու է։ Գիտական և ռազմաարդյուանբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է», - նշեց նախարարը։
Մկրտչյանի խոսքով՝ երկրորդ կարևոր լեզուն անգլերենն է, քանի որ այն այսօր շատ կարևոր և գործածվող լեզու է աշխարհում։
Նախարարը մտահոգություն հայտնեց հատկապես ֆրանսերենի կորստի վերաբերյալ։
«Այսօր նաև մեկ այլ խնդիր է առկա՝ ուսուցիչների որակի անկում և դասաժամերի անբավարար քանակ: Օտար լեզուների բոլոր մասնագտներն ասում են, որ մեծ լսարաններով շաբաթական մեկ կամ երկու ժամով հնարավոր չէ օտար լեզուների կրթության որակն ապահովել, պետք է նաև փոփոխություն անել մեթոդիկայի մեջ», - ասաց նախարարը։
Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցների գաղափարին ինքը դեմ է եղել՝ համարելով, որ օտար լեզու կարելի է սովորել՝ ստանալով հայկական կրթություն։
Նախարարը նաև նկատեց, որ եթե կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ են ակնկալվում, ապա պետք է նախ բարձրացվի օտար լեզուների և բնական գիտությունների կրթական որակը։
«Մենք համապատասխան հանձնարական ունենք որակական փոփոխություն անելու։ Շուրջ 2 տարի այդ ուղղությամբ աշխատում ենք», - եզրափակեց խոսքը նախարարը։