22/09/2017 16:53
Կաթողիկոսը Վրաստանի մշակույթի նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է փլուզման եզրին գտնվող հայկական մի շարք եկեղեցիների հարցը
Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:
Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության առիթով` իբրև վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության:
Նախարար Միխեիլ Գիորգաձեն անդրադարձ է կատարել հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծել է նաև Վրաստանում հայկական եկեղեցիների և մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնել է մասնավորապես խոնարհված և փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները:
Վրաց նախարարը լուսաբանություններ է տվել այս ուղղությամբ իրականացված և ծրագրվող քայլերի մասին:
Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվել է նաև Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:
: