22/09/2017 09:38
Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ՀԺ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին։ Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ավտոբուսի վթարից տուժած 4 ուղևոր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
«Մեզ մոտ ընդունվել է վեց քաղաքացի, որից երկուսը բուժօգնություն ստացել են ամբուլատոր պայմաններում, քանի որ ունեցել են միայն քերծվածքներ, իսկ չորս հոգին վերակենդանացման բաժանմունքում է։ Նրանց հսկում են տարբեր մասնագետներ, տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության», - ասել է գլխավոր բժիշկը։
Կուրղինյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվողները 40-83 տարեկան քաղաքացիներ են։ Բժիշկի տեղեկացմամբ՝ վնասվել են նրանց ոտքերը, ձեռքերը և կրծքավանդակները, թեև կյանքներին վտանգ չի սպառնում։