22/09/2017 16:22
Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ մեծ է Բյոհնիշի անձնական ներդրումը հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում և հատկապես 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցում:
«Ձեր նախաձեռնությունը խիզախ, գաղափարական և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մարդու նախաձեռնություն էր, ինչն ըստ արժանվույն գնահատվեց մեր երկրի, իշխանությունների և ժողովրդի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացմանը՝ Է. Շարմազանովը նշել է, որ դա լավագույն օրինակն է այն փաստի, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ Հայաստանը կարող է զարգացող հարաբերություններ ունենալ ԵՄ անդամ երկրի հետ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
«Մեր ուղերձը քաղաքակիրթ աշխարհին հստակ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են: Ի դեմս Էրդողանի՝ մենք տեսնում ենք անհասկանալի և ժողովրդավարությունից նահանջող վարչակազմ»,- նշել է Շարմազանովը և հավելել, որ Ադրբեջանը Թուրքիայի գաղափարական գծի շարունակողն է:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի և հակահայկականության վրա:
Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով:
«Արդեն 10 տարի է՝ ես այցելում եմ Հայաստան եւ շատ սիրեցի ձեր երկիրը: Երեկ ես նկատեցի, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ են եղել, որքան է զարգացել ձեր երկիրը»,-նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ նա նշել է. «Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել»: