22/09/2017 14:21
Չի բացառվում իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա. Սերգեյ Ավետիսյան
2017-ի 8 ամսվա ընթացքում ուղևորահոսքի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,5 տոկոս, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Թռիչք-վայրէջքների ավելացումը կազմել է 22 տոկոս, 1 մլն 660 հազար մարդ է տեղափոխվել երկու օդանավականներում», - ասաց Սերգեյ Ավետիսյանը՝ նշելով, որ չվերթներն իրականացվում են թվով 26 ավիաընկերության կողմից։
«Չենք բացառում նաև իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայակական շուկա», - տեղեկացրեց Սերգեյ Ավետիսյանը։
Անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքներին՝ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ամսական կտրվածքով շուրջ 12 հազարի է հասնում ուղևորահոսքը։
«Տարվա սկզբից առ այսօր Գյումրու օդանավակայանը սպասարկել է շուրջ 56 հազար ուղևորի։ Օդանավակայանի վերաբերյալ հետաքրքրությունն օր օրի ավելանում է թե՛ արդեն այստեղ ներկայացված ավիաընկերույթունների կողմից, թե՛ նոր ավիաընկերությունների կողմից», - նշեց ՔԱԳՎ պետը։