22/09/2017 15:08
Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
«Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները: Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու ու դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը»,- որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ օրենքը համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրության պահանջներին:
Նախարարն ասաց, որ այս գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին, քանի որ բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները կտրուկ կրճատվում են օրենսդիր և գործադիր իշխանությունների օգտին:
Նախագծով Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը կփոխարինվի ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ: