22/09/2017 14:50
Դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը կբարձրանա. Դավիթ Հարությունյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերերը:
Նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա է այն մշակվել, որպեսզի հարկադիր կատարողները իրենց վարույթները իրականացնեն ավելի օպտիմալ։
«Առաջին կարևոր փոփոխությունը հետևյալն է. հարկադիր կատարողների համար որոշումների կայացման հստակ և միասնական ժամկետներ են սահմանվել: Այսինքն՝ օրենքում կային որոշակի որոշումներ կայացնելու վերաբերյալ ժամկետներ, իսկ որոշ որոշումների համար կային բացեր, այդ բացերը փակվել են: Երկրորդը՝ հայցի ապահովման միջոցն է, երբ անձը դիմում է դատարան որոշակի հայցապահանջով և պահանջում է, որպեսզի հայցի ապահովում իրականացվի՝ պատասխանող կողմի գույքի վրա դրվելով արգելանք», - ասաց Դ. Հարությունյանը։
Նա նշեց, որ շատ հաճախ գույքի վերաբերյալ արգելանքը դրվում է հենց դրամական միջոցների վրա, ինչը նշանակում է, որ դատավարության ողջ ընթացքում պատասխանող կողմը զրկված է իր բնականոն բիզնեսն իրականացնելու հնարավորությունից:
«Հաշվի առնելով այդ հանգամանքն՝ առաջարակել ենք փոխել կարգը և առաջին հերթին պետք է դրվի այլ գույքերի վրա, եթե դրանք առկա են, օրինակ, անշարժ միջոցների վրա, և այդ արգելանքը ընդամենը կսահմանափակի օտարումը, բայց չի խանգարի բիզնեսին: Իսկ դրամական միջոցների վրա արգելանքը պետք է դրվի միայն որպես վերջին միջոց, եթե այդ գույքերը բավարար չեն», - ասաց նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը էական ազդեցություն կունենա բիզնեսի վրա:
Նախագծում հաջորդ առաջարկությամբ պարտապանին հնարավորություն է տրված անգամ եթե դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, որ նա կարողանա ինքը առաջարկել այլ գույք, որի վրա դրվի արգելանք:
«Հաջորդ կարևոր առաջարկությամբ՝ եթե առկա է գույք, որը կարող է ծածկել պահանջը, կատարողական գործողությունները պետք է ավարտվեն 15-օրյա ժամկետում՝ ի տարբերություն նախկին երկուամսյա ժամկետի: Կարևոր հանգամանք եմ համարում, որ սահմանվել են էլեկտրոնային աճուրդի անցկացման հստակ ժամկետներ և մի կարևոր դրույթ: Ըստ այդմ, եթե հարկադիր կատարողի գործողությունները վարչական դատարանում վիճարկվում էին, ապա, ըստ օրենքի, ինքնաբերաբար կատարողական վարույթը կասեցվում էր, ինչը առաջացնում էր շատերի մոտ գայթակղություն բերել ամենաանհիմն պատճառաբանությամբ բողոք հարկադիր կատարողի գործողության հետ կապված որպեսզի կասեցվի կատարողական վարույթը», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ ահագնացող չափերի էր հասել նման անհիմն բողոքների թիվը, ինչը թե դատարաններն էր ծանրաբեռնում, թե կատարողական վարույթներն էին կանգնում, հետևաբար, այս դրույթը վերացվել է:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե, իսկապես, առերևույթ հիմնավորված է բողոքը, նման դեպքում գործելու է հայցի ապահովման մեխանիզմ և դատարանը արդեն որոշում կկայացնի։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ շատ կարևոր փոփոխություն է:
«Որքան հիշում եմ, բիզնեսը նաև բողոքում էր չափերի վերաբերյալ, պահանջի չափը այսքան է, արգելք են դնում շատ ավելի մեծ գումար, մենք այս փաստաթղթով դրան անդրադառնո՞ւմ ենք, թե՞ ոչ», - հարցրեց վարչապետը։
Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ այդ հարցը իրականում լուծված եղել է արդեն: