22/09/2017 14:26
«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն. Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները:
Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը:
«Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Կլուծարվի «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ պետբյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ՝ 56.3 մլն ՀՀ դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տնտեսված միջոցներից նախատեսվում է 4.5 մլն ՀՀ դրամ ուղղել հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ին՝ կազմակերպության կարողությունների հզորացման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման կենտրոնում ծառայությունների մատուցման նպատակով: Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել բնակարանները զբաղեցրած շահառուներին։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները:
Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: