22/09/2017 11:20
Բոլոր ոլորտներում ունենք աճ՝ բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից. Վիճակագրական արդյունքները վարչապետին մտահոգվելու տեղիք են տվել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը», - նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելուն, անհրաժեշտ պայմաններ ապահովելուն և այն արդյունավետ իրագործելու վրա:
«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգվելու տեղիք են տալիս», - ասաց Կ. Կարապետյանը:
Նա ՀՀ գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ պետին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալ արձանագրված անկման պատճառներին:
«Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի՝ գյուղատնտեսությունից ու շինարարությունից, ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք հետ ընկնելը», - ասաց Կ. Կարապետյանը:
«Գյուղատնտեսության մասով մեզ պետք է հասկանալ ռեալ թվերը, պետք է շատ ուշադիր անդրադառնանք դրանց», - նշեց վարչապետը: