22/09/2017 15:29
Հայաստանում ավագ դպրոցի աշակերտներին կուղարկեն վճարովի պրակտիկայի
12-ամյա կրթությունը բավականին բարձր ձող է, որին դժվար է հասնել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և այնպես պիտի անենք, որ երեխային ընտրություն տանք։ Եթե նա չի ուզում բարձրագույն կրթության գնալ, ապա նրան հնարավորություն պիտի տալ արհեստ սովորելու, որով նա կարող է հետագայում իր հացը վաստակել», - նշեց նախարարը։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է նախարարությունն ապահովելու երեխաների ներկայությունը դպրոցում, եթե նրանք, ելնելով սոցիալական անապահով պայմաններից, չեն գնում դպրոց, այլ գնում են աշխատելու, նախարարը նշեց, որ աշակերտներին կշահագրգռեն վճարովի պրակտիկաների միջոցով։
«Հակառակ պարագայում մի պարկ կառտոշկա կտանեն կտան և երեխան չի գնա դպրոց, կգնա աշխատելու։ Պիտի այնպիսի պայմաններ ապահովենք, որ երեխան վճարովի պրակտիկա գնա, ստանա որակավորում ու հասկանա, որ ունի իր հացը», - ասաց Լ. Մկրտչյանը։
Ավագ դպրոցների կայացման գործում նախարարը կարևորեց նաև ուսուցիչների և տնօրենների՝ աշակերտներին ցուցաբերած մոտեցումը։
«Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները 17-18 տարեկան երեխային նայում են դպրոցական երեխայի պես, որին կարելի է անկյուն կանգնեցնել դասից փախնելու համար, բայց նա արդեն լիարժեք մարդ է», - հավելեց նա։