23/09/2017 10:56
«Ծայրը ծայրին հասցնելով» վարկ եմ տալիս, ի՞նչ նոր ՀԷԿ առնել. ԱԺ պատգամավոր
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հաստատեց Aysor.am-ի տեղեկությունը, որ իր տղաների հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ)-ի շահագործման բիզնեսը չի ստացվում. ջուր չկա, ՀԷԿ-ը գրեթե չի աշխատում և նրանք միայն վարկեր են մարում:
«Էդ ՀԷԿ-ը արդեն 10 տարի է՝ ունեմ, 12 տարով վարկ են տվել, տասը տարի վճարում եմ, ծերը ծերին հասցնելով ու դեռ երկու տարի էլ ունենք մարելու համար. վարկի ժամկետը լրանում է 2020 թվականի մայիս ամսին», - Aysor.am-ին տեղեկացրեց պատգամավորը:
Ամասիայում ՀԷԿ-ը կառուցելու համար, նրա խոսքով, «որդիները 400 մլն վարկ են վերցրել»: ՀԷԿ-ի շահագործումը այժմ որոշակի խնդիրների է հանդիպել և այժմ քննարկումներ են ընթանում ջուրը ավելի ռացիոնալ օգտագործելու ուղղությամբ:
Անդրադառնալով մամուլում օրերս հրապարակված տեղեկությանը, թե պատգամավորը նոր ՀԷԿ է գնել, Վարդևան Գրիգորյանն ասաց, որ «առնվազն հիմարություն» է նման տեղեկություն հրապարակելը այն դեպքում, երբ արդեն ունեցած ՀԷԿ-ի շահագործումից որևէ օգուտ չեն ունեցել:
«Որևէ օգուտ չենք ունեցել էդ գործից ու միայն վարկ ենք վճարում էն էլ ծայրը ծայրին հասցնելով: Ի՞նչ նոր ՀԷԿ գնելու մասին է խոսքը», - ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ ՀԷԿ-ն ամբողջ ծավալով աշխատում է միայն ձնհալի ժամանակ՝ 1 և կես ամիս: