23/09/2017 11:16
Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ)
Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջաբրաիլովը կարծիք է հայտնել, որ հայ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը միտումնավոր են բաժակները ձեռքին լուսանկարվում Բաքվում ու տարածում դրանք համացանցում:
«Հայ պատգամավորները փորձում են այդ քայլերով բարկացնել ադրբեջանական հասարակությանը և դիվիդենտներ շահել դրանից իրենց ընտրողների շրջանում: Ես կարծում եմ, որ նրանք միտումնավոր են այդ քայլերն անում՝ ադրբեջանցիներին հրահրելու համար, որպեսզի ինչ-որ մեկը չդիմանա ու նրանց նկատմամբ բռունցքներով հարձակում գործի:
Բաժակներով լուսանկարը հայ պատգամավորներն արել են հյուրանոցի իրենց համարում: Եթե նրանք նստած լինեին ռեստորանում և այնտեղ իրենց լավ չպահեին, ապա ինչ-որ ադրբեջանցի անպայմանորեն շիշը կկորտրեր նրանց գլխին: Անկեղծ ասած, եթե նման բան պատահեր, ապա դա իմ սրտով կլիներ», - ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Միաժամանակ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջան հայ պատգամավորների այցելության:
Կազմակերպության անդամները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև, որտեղ անցկացվում է Եվրանեսթ-ի խորհդրաժողովը և հնչեցրել՝ «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անմիջապես լքեն Բաքուն»: