23/09/2017 12:20
Արծվաբերդում տուլարեմիայից հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ Արծվաբերդում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք:
Նույն համայնքում հատուկենտ, ոչ միաժամանակյա դեպքեր արձանագրվել էին օգոստոս ամսին: Հիվանդները գանգատվել են ջերմությունից, կոկորդի ցավից, լիմֆադենիտից, որոշ դեպքերում` կոնյուկտիվիտից: Դեպքերը հիմնականում արձանագրվել են 30-40 տարեկանների շրջանում:
Հիվանդությունն ունի հիմնականում թեթև ընթացք, որոշ դեպքերում՝ միջին ծանրության:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ ներկայումս հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր:
Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, դիտարկվում են վարակի փոխանցման բոլոր հնարավոր մեխանիզմները, մասնավորապես՝ այս համայնքի տարածքում էպիզոոտոլոգիական հետազոտություններ կատարվել են դեռևս ապրիլ ամսից սկսած՝ պարբերաբար, սակայն կրծողների շրջանում էպիզոոտիա չի արձանագրվել:
Գարնանից ի վեր համայնքում կրծողների խտություն և ակտիավացում չի դիտվել (նույնիսկ ցածր է նախորդ տարիների համեմատ): Ուսումնասիրվել է Արծվաբերդ համայնքի ջրամատակարարման համակարգը։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Բնակչության շրջանում իրականացվել է տուլարեմիայի կանխարգելման հարցերի շուրջ գիտելիքների տարածում: Կազմակերպվել են նաև բոլոր հիվանդների և համայնքի ռիսկի խումբ հանդիսացող անձանց կենսաբանական նմուշների հետազոտություններ: Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Ներկայումս իրականացվում է Արծվաբերդի և դրան հարակից համայնքների 7-ից բարձր տարիքի բնակչության հաշվառում (հատկապես դաշտային աշխատանքներ իրականցնող) տուլարեմիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու համար: Աշխատանքները շարունակվում են:
Տեղեկանք. Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մեղմ կլիմայական գոտիներում: Տուլարեմիայի հիմնական աղբյուր են հանդիսանում կրծողները՝ մկները, ջրային առնետները,դաշտային մկները, նապաստակները։
Տուլարեմիայի գաղտնի շրջանը 1-30 օր է, հիմնականում՝ 3-7 օր: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ (երբեմն՝ ավելի), հազվադեպ կարող է ախտադարձ լինել: Հիվանդությունն ընթանում է ջերմության բարձրացումով, գլխացավով, թուլությամբ, բնորոշ է ավշային հանգույցների և դրանց հարակից հյուսվածքների ախտահարումով (բուբոն), որն առաջանում է հարուցչի ներթափանցման արդյունքում:
Վարակն օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասվածքների կամ աչքի, շնչառական ուղիների կամ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների միջոցով: Այն փոխանցվում է տզերի, ինչպես նաև սննդամթերքի և փոշու միջոցով: