23/09/2017 11:48
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ներկայացրել ապրիլյան պատերազմում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։
Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտել է, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը բերեն համաձայնեցված ձևաչափերում իրականացվող բանակցային գործընթացներին՝ ուղղված հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։
ՄՃԽ նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: