23/09/2017 12:27
Հանրապետությունում սպանությունների ու ապօրինի զենքերի թվի մասին հրապարակումները իրականության չեն համապատասխանում. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել վերջերս լրատվամիջոցներում արծարվող այն տեսակետի մասին, որ հանրապետությունում սպանություններն ու ապօրինի զենքերի թիվն աճել է։
«Սա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, չի կարելի մեկ-երկու հասարակական հնչողություն ունեցող դեպքով թյուր եզրակացություններ անել, ոստիկանության ամենօրյա աշխատանքն ու վիճակագրությունը հակառակն են ապացուցում։
2017 թվականին ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել, առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 457 միավոր հրազեն։
Ի դեպ, անցած տարվա համեմատությամբ 21-ով պակասել են սպանությունները։ Անցած տարվա առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43։
Հայաստանի ոստիկանության շուրջ մեկդարյա և ամենօրյա գործունեության ընթացքում ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելը եղել է ու կա հանցագործությունների կանխման գլխավոր պայմաններից մեկը։ Քանի որ, ինչպես ասվում է, նույնիսկ պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կրակում է։ Ոստիկանության աշխատանքը ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հետևողական է։
2017 թվականին հանրապետությունում գրանցված 12484 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 հանցագործություն։
Նշված 457 միավոր զենքից 48-ը եղել է ատրճանակ, 59-ը՝ ինքնաշեն ատրճանակ, 23 ինքնաշեն կրակող սարք, 34 ինքնաձիգ, 10 ինքնաշեն ինքնաձիգ, 269 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացան, 9 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն նռնականետ և 5 այլ զենքեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել է 55,792 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար սպառնում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով։ Բայց եթե քաղաքացին կամովին հանձնում է զենքը, ազատվում է քրեական հետապնդումից։
Բացի ամենօրյա աշխատանքից ոստիկանությունը տարվա ընթացքում իրականացնում է «Զինանոց», «Կանեփ-կանաչ», «Կանալ», «Նելեգալ» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները, որոնց ընթացքում հայտնաբերվում և առգրավվում են տարբեր տեսակի զենքեր։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ հանրապետությունում անցած տարվա առաջին ութ ամիսների համեմատ նվազել են սպանությունների, հետևաբար սպանվածների և հրազենով հանցագործությունների թիվը։
Վերջում դիմենք քաղաքացիներին, եթե ունեք զենք ու զինամթերք, հորդորում ենք հանձնել ոստիկանությանը, կամավոր հանձնողները կազատվեն քրեական հետապնդումից», - ասված է հաղրոդագրության մեջ։