23/09/2017 10:44
Գետնանուշի արտադրություն, ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծում. Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասին
Ընդամենը մեկ տարի առաջ քչերն էին ողջունում Շուշիում տեխնոլոգիական համալսարան ունենալու գաղափարը, շատերն էլ կարծում էին, որ դա անիրականանալի երազանք է, Aysоr.am-ի հետ այսպես սկսեց զրույցը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
Նա այն քչերից է, ով վստահաբար ասում է, որ Շուշին կարող է և պետք է դառնա տեխնոլոգիական ու երիտասարդական կենտրոն։
Ժողովրդի մոտ անվստահություն կար, որ իրենց երեխաներն այստեղ սովորել չեն կարող...
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրման ակունքներում կանգնած է եղել Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, ով երազանք է ունեցել Շուշիում տեսնելու տեխնոլոգիական ուղղվածության բարձրագույն կրթության կայացման գործընթացներ։
«Սա, իհարկե, անիրականանալի էր թվում շատերի աչքին։ Մի քանի բարդություններ կային։ Դրանցից մեկն այն է, որ անկախացումից հետո գրեթե բոլոր երկրներում առաջ է գալիս հումանիտար կրթության անհրաժեշտությունը, որովհետև դա հեշտ է, առանց լաբորատորիաների և լուրջ ներդրումների կարելի է համեմատաբար որակյալ կրթություն ունենալ», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը։
Նրա խոսքով՝ 20-25 տարվա ընթացքում Արցախի ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության ավանդույթները, որոնք եղել են շատ բարձր, սկսել էին նահանջ ապրել՝ իրենց տեղը զիջելով հումանիտար ուղղվածությանը։
Այս հետընթացի պայմաններում ժողովրդի մոտ անվստահություն կար, որ իրենց երեխաներն այստեղ սովորել չեն կարող։
Հաջորդ խնդիրը, ըստ ռեկտորի, մեկուսացվածությունն է. պատերազմական գոտի, չճանաչված հանրապետություն. «Իսկ բուհական, հատկապես ինժեներական կրթության համար շատ կարևոր են ինտեգրացիոն գործընթացները»։
«Երրորդ խնդիրը լաբորատորիաների և բազաների պակասն էր, որը նույնպես լուրջ մտավախություն էր առաջացնում, իսկ չորրորդ խնդիրը՝ դասախոսական ներուժի պակասն էր», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը։
Մեծ դժվարությամբ հավաքեցինք 1-ին կուրսը...
«Երբ վարչապետն ինձ առաջարկեց ղեկավարել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, այդ ժամանակ արդեն Պոլիտեխնիկում չէի և ինձ շատ հաճելի էր, որ պետք է սկսեմ մեծ գործ, քանի որ շատ գաղափարներ ունեի, որոնք իրականացված չէին։
Փառք Աստծո, առաջին տարվա ավարտից հետո հսկայական առաջընթաց կա և ցույց տվեցինք, որ վարչապետի իդեաների իրականացումը բոլորովին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն», - նշեց ռեկտորը՝ շարունակելով. «Այս ամենի հիմքը դրվեց 2015 թվականի դեկտեմբերի 28-ին»։
2016 թվականի առաջին կիսամյակին ամբողջությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։
«Շատ մեծ դժվարությամբ հավաքեցինք 1-ին կուրսը և սկսեցինք աշխատանքը», - ասաց Թոքմաջյանն՝ անմիջապես ավելացնելով, որ բուհն այսօր 7 լաբորատորիա ունի, դրանցից մի քանիսը շատ ավելի լավն են, քան երևանյան բուհերի լաբորատորիաները»։
Համալսարանում երեք ֆակուլտետ է գործում, որոնցից մեկը ագրարային ուղղությամբ է, երկրորդը՝ ճարտարապետաշինարարական, երրորդը՝ տեխնոլոգիական։ Այս տարի մոտ 400 սովորող է ընդունվել համալսարան։
Բուհի կայացման գործում մեծ է եղել նաև հանրակացարանի շահագործման հանձնումը։
Ռեկտորը վստահեցնում է՝ բոլորովին էլ դժվար չէ առկա պայմաններում համալսարան պահել, քանի որ, նրա խոսքով, համալսարանի զարգացման խնդրում պետք է դնես առաջնայնություններ և դրանք լուծելով առաջ գնաս։
«Այստեղ սովորողներն ուղղակի ուսանողներ չեն, ովքեր եկել են դիպլոմ վերցնելու։ Նրանց մեծ մասը նպատակաուղղված, ոմանք արդեն նույնիսկ բանակում ծառայած մարդիկ են», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը։
Ոչ միայն սովորում են, այլև՝ արտադրում և շուկայում վաճառում...
Համալասարանի լաբորատորիաներից մեկում մեր այցելության պահին պահածոներ էին պատրաստում. (դիտել տեսանյութում)
«Այն, ինչ դուք տեսաք, ագրարային ուղղությունն է։ Չի կարող սննդի տեխնոլոգիաների ֆակուլտետ, ագրարային մասնագիտություն լինել, և օրինակ՝ լոլիկը Երևանից տանել։ Այսօր ամբողջ Արցախը ողողված է Արարատյան դաշտավայրից բերվող պտուղ-բանջարեղենով, երբ Արցախի տարածքը շատ լավ պայմաններ ունի այդ նույնն արտադրելու համար։ Մենք խնդիր ենք դրել վերականգնել այն սորտերը, որոնք վաղուց արդեն անցյալում են, և պոմիդոր ասելով մենք հասկանում ենք փայլուն քարի կտորի նման մի բան, որը կարող է շաբաթներով դիմանալ», - ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ համագործակցում են Դարակերտում գտնվող բոստանաբուծության ինստիտուտի հետ։
Նրանց կողմից մշակված և վերականգնված սորտերով մոտ 4,5 հա հողակտորի վրա համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները աճեցրել են պոմիդոր, սմբուկ և պղպեղ, որոնք իրենց համային հատկություններով զգալիորեն տարբերվում են այսօր առաջարկվող տեսակներից։
Արցախում գետնանուշի առաջին բերքն արդեն ստացել են...
«Նոր մշակաբույսերի աճեցմամբ ենք նաև զբաղվում։ Գետնանուշի առաջին բերքն արդեն ունենք»,-ասաց ռեկտորը։
Նրա խոսքով՝ սա նոր կուլտուրա է, որը հետագայում մեծ դեր պետք է կատարի ձեթի արտադրության մեջ, ինչպես նաև շատ կարևոր սնունդ է դիաբետիկների համար։
Եթերայուղերի և դեղաբույսերի հիման վրա տարբեր քսուքների ստացումը ևս իրականացվում է համալսարանի լաբորատորիաներից մեկում։
Այս պահին 40 տեսակից ավելի պահածոներ են պատրաստվում համալսարանում․ շուկայում արդեն 4 տեսակի ապրանք կա։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական համալսարան պետք է ունենա իր փորձարարական բազան, կարողանա արտադրել, իրացնել, ունենալ սեփական ֆինանսական միջոցները։ Ի վերջո, գործատու-բուհ կապը հենց այսպես է ստեղծվում։ Եթե այս ամենը չանես, և 20-րդ դարի առաջին կեսի դեղնած թղթերով ուսանողներին դաս տաս, ինչը տարածված է շատ բուհերում, ապա առաջընթաց ունենալ չենք կարող։ Ոչ թե դիպլոմի ստվարաթուղթը պետք է տանք ուսանողին, այլ պետք է մասնագետ պատրաստենք», - նկատեց Հ. Թոքմաջյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնում Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարանի ղեկավարությունից.
«Հասարակության մեջ առկա կարծրատիպերը կոտրելու մեջ ինձ շատ օգնեց Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարանը, այն տարածաշրջանում լավագույնն է։ Երեխաները, ոչինչ չիմանալով, գալիս են այստեղ և 1-1.5 տարում դառնում վարպետներ», - նշեց ռեկտորը։
Նաև քայլեր ձեռնարկել՝ ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծման գնալու համար...
Մի քանի օր առաջ համալսարան էր այցելել Հայաստանի Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Նա լուրջ առաջարկ արեց՝ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծման գնանք։ Դրանք և՛ հակաօդային պաշտպանության խնդիրներն են, և մնացյալ այլ հարցերը, մանավանդ, որ մեզ մոտ աշխատում են մարդիկ, որոնք անմիջապես զբաղվում են դրանով։ Եթե դա երեկ ընդամենը երազ էր և բարի ցանկություն, այսօր արդեն մոտենում է իրականությանը։ Կանցնի մեկ տարի, նորից կգաք և կտեսնեք առաջընթացը», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը։
Վերջում ռեկտորը վստահեցրեց՝ Շուշին պետք է դառնա ուսանողական և երիտասարդական կենտրոն, դրա նախադրյալները կան։