23/09/2017 11:42
Վթարային շքապատշգամբների նորոգման 2017 թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ
Երևանի քաղաքապետարանի 2017 թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի 67 բազմաբնակարան շենքերում նախատեսվել էր նորոգել 151 վթարային շքապատշգամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2013 թվականին սկսված այս ծրագրում ամեն տարի ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումը հրատապ է առաջին հերթին բնակիչների ու անցորդների անվտանգության, ինչպես նաև շենքերի բարեկարգ և պատշաճ արտաքին տեսք ապահովելու առումներով: Այս տարվա ապրիլից մեկնարկած շքապատշգամբների նորոգման գործընթացը նախատեսված էր ավարտել սեպտեմբերի վերջին, սակայն աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից շուտ, ընդ որում` շուրջ 10 տոկոս գերակատարմամբ:
Մասնավորապես, նախատեսված 151-ի փոխարեն փաստացի նորոգվել է 162 վթարային շքապատշգամբ: Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մաս` շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների միջոցներով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր բնակիչներն են սեփական միջոցներով ի վիճակի դա իրականացնել, Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների դիմում-խնդրանքներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար: