23/09/2017 13:21
Երևանը կհաստակեցնի թուրքմենական գազ ներկրելու դիրքորոշումը Հայաստան-Իրան-Թուրքմենստան հանդիպման արդյունքում
Պաշտոնական Երևանը չի հաստատում օրերս մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Աշխաբադում Հայաստանի ու Թուրքմենստանի նախագահների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան թուրքմենական գազ ներկրելու մասին:
Aysor.am-ը այդ հարցի առնչությամբ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն պաշտոնական հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել կա՞ նման պայմանավորվածություն: Նաև փորձել էինք պարզել, թե ի՞նչ հեռանկար կա Հայաստան թուրքմենական գազ ներմուծելու առումով, ի՞նչ պայմաններով է այն ներմուծվելու, ի՞նչ ծավալներով և ի՞նչ նպատակով է օգտագործվելու: Ինչպես նաև՝ ո՞ր երկրներ թուրքմենական գազը կարող է արտահանվել Հայաստանից:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ին հետևյալ պատասխանն են ուղարկել.
«Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները ի թիվս հարցերի քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Գազի և Էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցության հեռանկարները դիտարկվում են տարածաշրջանային եռակողմ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափով, և մշտապես ներառված են հանդիպումների օրակարգում:
Դեռևս եռակողմ ձևաչափով քննարկում տեղի չի ունեցել, ուստի Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրման ծավալներին և այլ մանրամասներին հնարավոր կլինի անդրադառնալ եռակողմ ձևաչափով քննարկման արդյունքում»: