25/09/2017 12:21
Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտում չգիտեն, թե ինչ հիմունքներով են շենքում ազարտային խաղերի ապարատներ տեղադրված
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հերքում են, որ շենքում ազարտային խաղերի համար վարձով տարածք են տրամադրել։
«Լուրն իրականությանը չի համապատասխանում, այդ տարածքները «Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ ոչ մի կապ չունեն, այդ տարածքներն օտարվել են դեռ 2006 թվականից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության պատասխանատու Էրիկ Բարսեղյանը։
Հարցին՝ այսինքն վարձով տարածք տրվա՞ծ է, բայց ԵԹԿՊԻ-ի կազմում չէ՞, Է. Բարսեղյանը պատասխանեց. «Ես չգիտեմ վարձով տարածք տրված է, թե չէ: Երևի, ամենայն հավանականությամբ, առաջին հարկի լոտոյի հետ են, կարող են գալ իրենցից հարցնել, այդ հարցի հասցեատերը ես չեմ»։
Դիտարկմանը՝ լոտոյի ապարատներն, այդ դեպքում, տեղադրված է ինստիտուտի տարածքում՝ առաջին հարկում, ի՞նչ հիմունքներով է տեղադրվել, Էրիկ Բարսեղյանն ասաց, որ լոտոն դեռ 2006 թվականից է տեղադրված այնտեղ։
«2006 թվականից իրանք էստեղ են: Ես ընդամենը մեկ տարի է, ինչ հանրային կապերի և տեղեկատվության պատասխանատուն եմ և, ըստ էության, դա մեզ հետ հիմա կապ չունի, մենք չենք տնօրինում այդ տարածքը: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ դա կապ չունի, կարող եք գալ, իրենցից հարցնել, ուղղակի լուրն իրականությանը չի համապատասխանում, մենք որևէ մեկին որևէ տարածք վարձով չենք տրամադրել», - ասաց Էրիկ Բարսեղյանը։
Նշենք, որ Boomnews.am-ը գրել էր, որ Երեվանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում ազարտային խաղերին վարձով տարածքներ են տրամադրում։
«Boomnews-ի «Ձեր տեղեկատվությունը» բաժնին նամակ է ստացվել, որում ասվում է, թե Երեվանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում ազարտային խաղերին վարձով տարածքներ են տրամադրում։ Նամակագիրը նշում է, որ դա այն դեպքում, երբ ինստիտուտի ուսանողները տեղ չունեն փորձ անելու, բայց ազարտային բիզնեսի զարգացման համար վարձակալությամբ տարածքներ է տրամադրվում կրթական ղեկավարության ամենաբարձր մակարդակով», - գրել էր կայքը։