25/09/2017 17:21
Ճապոնական խորհրդատվական ընկերությունը ԱԻՆ-ին կտրամադրի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև արդեն ստորագրված և իրականացման փուլ մտած «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները:
Բարձր գնահատելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում՝ ԱԻ նախարարն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության խորացման և շարունակականության ապահովման կարևորությունը՝ աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի և կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման նպատակով:
«Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:
Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվելու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր:
Կազմակերպությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգեկու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը: