25/09/2017 14:19
Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան
Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների և, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
«Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան»,-ասել է Ա. Բաբլոյանը:
Նա հույս է հայտնել, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Արա Բաբլոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձեւաչափով:
Վրաստանի խորհրդարանի նախագահը, խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես նկատել է, որ թեև այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն:
Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ:
Կողմերը քննարկել են տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու խորհրդարանի պատվիրակությունն այցելել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ: