25/09/2017 18:35
Ճգնավոր կյանքից դեպի ընտրություններ. Գորիսի նախկին քաղաքապետը պատրաստվում է առաջադրվել
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որը վերջին տարիներին չէր երևում ասպարեզում, պատրաստվում է առաջադրվել առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
«Վերջին երկու տարիներին կիսաճգնավորի կյանքով էի ապրում իմ արծվաբույն Սյունյաց աշխարհում՝ Գորիսում՝ մեր առանձնատանը: Գերադասում էի գիտելիքներս հարստացնել և եթե ամեն օր առնվազն 50 էջ չկարդայի, չէի կարող քնել: Ունեմ հրաշք այգի, օրական 10 կմ քայլում եմ մեր լեռնալանջին, անտառով, հավաքում հատապտուղներ ու այսօր մեր նկուղը լեփ-լեցուն է կոմպոտներով, մուրաբաներով ու այլ բարիքներով», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը կյանքը պատմել է Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, «ծայրահեղ տագնապալի իրավիճակը» դրդել է իրեն «նետվել պայքարի մեջ» ու «վերջակետ դնել մղձավանջին»:
Նկատենք, որ Գորիսում քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրվելու է նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը: