25/09/2017 12:57
ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան կապ չունի ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի հետ. Լևոն Մկրտչյան
ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այս այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժական համալսարանում ռուսերենի մասնագետների հետ ուղղակի հանդիպում էր, որը կրկին կապ չունի հայեցակարգի հետ», - նշեց նախարարը:
ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան ևս ընդգծեց, որ այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են միայն գիտության և կրթության ոլորտին առնչվող:
Խոսելով կրթությունից՝ ՌԴ ԿԳ նախարարը կարևորեց ՀՀ դպրոցներում շախմատի դասերի առկայությունը:
«Դուք լավ տրադիցիա ունեք. 2-րդից 4-րդ դասարաններում շախմատի ուսուցումը պարտադիր է, դա ուղիղ կապ է մաթեմատիկայի, հետագայում էլ IT ոլորտի զարգացման համար, որոնց նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծ է», - նշեց Օլգա Վասիլևան:
Լևոն Մրտչյանն էլ հավելեց, որ բացի գիտության բնագավառում համագործակցությունից՝ ՌԴ գործընկերների հետ քննարկվել է նաև փոքր դպրոցների կառավարկան մեթոդիկան:
ՌԴ ԿԳ նախարարը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում: Այսօր Օլգա Վասիլևան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ նրան շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: