25/09/2017 13:39
Այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաև Բաքվում. Մանե Թանդիլյան
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի համար տարօրինակ է, որ Հայաստանում քննադատության է արժանացել Բաքվում իր և պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի վարքը։
«Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաև Բաքվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ըստ որոշ հայաստանյան դիտարկումների Աշոտյանի ու Թանդիլյանի վարքագիծը Բաքվում և լուսանկարների հրապրակումը մեղվի փեթակի հետ խաղալ էր, սադրանք՝ ուղղված ադրբեջանցիներին։
Ըստ Մ.Թանդիլյանի, տարօրինակ է, որ նման թեմա է շրջանառվել Երևանում։ «Ընդհանուր աուրան այնպիսին էր, որ քո յուրաքանչյուր քայլ և վարք հուշում է քո հոգեվիճակի մասին և պետք է ցույց տալ, որ որևէ խնդիր չկա», - ասաց Մ.Թանդիլյանը՝ նկատելով, որ լուսանկարների հրապարակումը դրա ապացույցն է։
Պատգամավորը նաև նշեց, որ ցանկացած քննադատության նորմալ է վերաբերվում և նկատեց, որ մարդիկ պետք է հասկանան միջավայրի տարբերությունը։
Անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած միջոցառմանը, պատգամավորը նշեց, որ դա Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներից մեկի նիստն էր ու նկատեց, որ ամեն պահի ադրբեջանական կողմը նիստը վերածում էր հակահայկական քարոզի։ «Շատ լավ էր, որ մենք մասնակցեցինք այդ նիստին։ Մեր ամուր դիրքավորումը նրանց բազմիցս է զսպել», - հայտարարեց Մ.Թանդիլյանը։