25/09/2017 13:16
Հենց հիմա դպրոցում նստած են «պուտերով», «վանդակներով» վերնաշապիկով երեխաներ. Մեծամորի դպրոցի տնօրենի արձագանքը՝ Բախշյանին
Մեծամորի դպրոցի շուրջ աղմուկ է բարձրացել. Երևանի վագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «պուտերով» վերնաշապիկով մի երեխայի լուսանկար և գրել.
«Օրինակ, Մեծամորի թիվ 1 դպրոցի տնօրենն այս աշակերտին, ում վերնաշապիկն, ասացեք խնդրեմ, բացարձակ ճերմակ չէ, տուն է ուղարկում՝ պահանջելով սպիտակ վերնաշապիկ: Զգուշացրեք իրենց, որ վերնաշապիկի գույնից չի կախված կրթության որակը, այլ նրանից, թե ինչպե՞ս է տնօրենը դպրոցում կազմակերպում կրթությունը, երեխաները սիրո՞վ են հաճախում դպրոց, թե՞՝ զոռով: Բավական է ձևի ետևից ընկնեք, եթե կարող եք՝ բովանդակությանը հետևեք»:
Մեծամորի դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ իրենց դպրոցում երեխային վերնաշապիկի պատճառով տուն ուղարկելու դեպք չի գրանցվել:
«Հենց հիմա դպրոցում նստած են սպիտակ, «պուտերով», «վանդակներով» վերնաշապիկներով երեխաներ և իրենց ոչ ոք չի հանել դասից: Երբևիցե նման դեպք չի եղել: Գրված է, որ տնօրենը երեխային տուն է ուղարկել, բայց ես ընդհանրապես չեմ նայում երեխաների հագուկապին: Փոխտնօրեններն են դիմավորում երեխաներին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով՝ դպրոցի փոխտնօրենները ընդամենը նախազգուշացնում են երեխաներին, ովքեր գույնզգույն հագուստ են ունենում իրենց հագին, բայց չեն ուղարկում տուն:
Տնօրենն ասաց նաև, որ դպրոցի ներքին կանոնակարգի համաձայն է ներդրվել միանման հագուստ հագնելու կարգը, որին համաձայնություն է տվել նաև ծնողկոմիտեն:
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն Aysor.am-ին ասաց, որ մարզի ենթակայությամբ դպրոցներում նորմալ դասապրոցես է ընթանում և նման խոսակցությունները վարկաբեկում են դպրոցի հեղինակությունը:
«Այս ամենն արվում է մարզի դեմ, մարզի հեղինակությունը գցելու նպատակով: Որևէ աշակերտ դասարանից դուրս չի հանվել, ոչ մի նման դեպք չի եղել», - ասաց Սայադյանը: