25/09/2017 10:40
Օլգա Վասիլևա. ՌԴ-ն կօգնի Հայաստանին IT և ինժեներատեխնիկական ուղղվածությամբ մասնագետներ պատրաստելու հարցում
Ժամանակն է, որպեսզի հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում խորանա և ուղղություն վերցնի դեպի գիտություն, ամփոփելով ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման արդյունքները՝ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում ինժեներատեխնիական և բնագիտական գիտություննների զարգացման համար անհրաժեշտ կառույցներ ստեղծելու հարցում անհարժեշտ է ՌԴ նմանատիպ կառույցների օգնությունը։
Լևոն Մկրտչյանը ընդգծեց, որ հանդիպման ընթացքում կարևորվել է նաև այն հարցը, որ հայ ուսանողները ՌԴ-ում կրթություն ստանալուց հետո կարողանան համապատասխան աշխատանքի անցնել Հայաստանում։
«ՌԴ գործուղվող ուսանողները միշտ նպատակային ձևով պետք է վերադառնան և կարողանան գիտելքները ներդնել Հայաստանում։ Այստեղ շատ կարևոր է Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատատեղերի քանակը, որպեսզի ՌԴ-ում սովորող ուսանողները Հայաստան վերադառնալուց հետո համապատասխան աշխատանքի տեղավորվեն», - նշեց նախարարը։
Իր հերթին ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան կարևորեց ՀՀ-ում գործող ՌԴ բուհերի կենտրոններում ուսանողների թվի ավելացման հարցը։
«Հայաստնում գոծում է ՌԴ բուհերի մի քանի կենտրոն, որոնց ուսանողների թիվը ընդհանուր առմամբ 3.5 հազար ուսանող է։ Պիտի ջանքեր գործադրել, որպեսզի ուսանողների թիվն ավելանա», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՌԴ բուհերում հայ ուսանողների հետագա կրթությունը շարունակելու հարցը։
Օլգա Վասիլևան նաև նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստասնի հետ IT և ինժեներատեխնիկական ուղղվածությամբ մասնագետներ պատրաստելու հարցում։
Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ ՌԴ ԿԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան այսօր երկօրյա այցով ժամանել է Հայաստան։