25/09/2017 15:01
Բալիում ավելի քան 42 հազար մարդ է տարահանվել հրաբխի ակտիվության պատճառով
Ինդոնեզիայի Բալի կղզում ավելի քան 42 հազար մարդ են տարահանել իրենց տներից Ագունթ հրաբխի ակտիվության պատճառով, հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով Կարմիր խաչին:
Անցած ուրբաթ իշխանությունները 12-կիլոմետրանոց արգելագոտի էին սահմանել հրաբխի շուրջը: Սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերել զբոսաշրջության շրջաններին, իսկ ավիաչվերթերն իրականացվում են սովորական ռեժիմով:
Կիրակի երեկոյան Ինդոնեզիայի Հրաբխային ակտիվության հետազոտման ազգային կենտրոնը հայտարարել է, որ «հրաբխի սեյսմիկ ակտիվությունն աճում է, և կարող է ժայթքում տեղի ունենալ»: Հազարավոր տարահանածների տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք հարմարեցվել են տեղական դպրոցներում և քաղաքապետարաններում: 1963 թվականին Ագունթի վերջին ժայթքման հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ: