26/09/2017 09:12
Շիրակի պետական համալսարանում կրքերը թեժացել են. ռեկտորը համալսարանի 15 տոննա գիրք է ոչնչացրել. (Լուսանկարներ)
Շիրակի պետական համալսարանում անհանգիստ վիճակ է. ուսանողները պատրաստվում են դասադուլ անել։ Ամեն ինչ սկսվեց Հայաստանի նախագահին ու վարչապետին ուղղված համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի բաց նամակից։
Նամակում դասախոսները նշում են, որ «ռեկտոր Սահակ Մինասյանը 1 տարի շարունակ ավերում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների»:
«Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման՝ բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի՝ միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է, առկայինը՝ 4 տարի: Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով...», - մասնավորապես, գրել են դասախոսները:
Նրանք նաև մասնագիտական խնդիրներ են բարձրացրել իրենց նամակում, որոնք ռեկտորի կողմից չեն իրագործվել կամ շեղումներ են եղել։
Նամակի հրապարակումից ժամեր անց դասախոսներից պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ռեկտոր Սահակ Մինասյանը հաշվեհարդար է տեսել իր նկատմամբ. արտահերթ նիստում բուհի գիտխորհուրդը անվստահություն է հայտնել ամբիոնի վարիչի պաշտոնում Խորիկյանի նկատմամբ։
«Նախ ես հրամանով մինչև նոյեմբեր պաշտոնակատար եմ, այսինքն՝ գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ անվստահություն հայտնեին, երկրորդ՝ գիտական խորհրդի անդամ ինձ ընտրել էր ֆակուլտետի խորհուրդը: Սա է համալսարանի գործունեությունը...պատժե՛լ, պատժե՛լ...», - գրել է Խորիկյանը։
Իսկ ավելի ուշ նա հրապարակեց նույն ամբիոնի դասախոսների կողմից հայտարարության տեքստը, որով նրանք Խորիկյանին անվստահություն հայտնելու որոշումը համարում են «բացարձակ կամայական, վախի մթնոլորտում արտահայտված», ու հավելում, որ բեկանում են այդ որոշումը։
Իր հերթին Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը ոչնչացրել է բուհի գրադարանը ու ցաքուցրիվ արած գրքերի լուսանկարներ հրապարակեց՝ տեղեկացնելով.
«Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացրել է նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը... Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնմանը... Ինչ «միամիտ» ազգ ենք... Մատենադարան ենք պահում... Սահակ Մինասյանին տնօրեն տվեք, երկու օրվա ընթացքում կոչնչացնի... ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել, որը չունի գրադարան, բացի Շիրակի Պետական համալսարանից... Սա հանցագործություն է...
Հ.Գ. Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս է բերել և մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք...Իսկ մնացած գրքերը բաժանվել է ում պատահի»։
Բուհի որոշ կուրսերի ուսանողներ կանգնել են իրենց դասախոսների կողքին և հայտարարել դասադուլի մասին։
«Մենք դեմ ենք ուսումնական պլանի փոփոխությանը, քանի որ այն չի ծառայում կրթության որակի բարձրացմանը, կրթական վերջնարդյունքների ապահովմանը, քանզի անիմաստ ենք համարում նույն առարկաների բազմակի ուսուցանումը: Հիմնավորել` ինչ պատճառով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերը չեն զեղչվում». նշվում է համալսարանի պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների դիմումի մեջ։