26/09/2017 16:04
Բենզինը 10-ից 20 դրամով թանկացել է. ՏՄՊՊՀ-ն դեռ մեկնաբանություն չունի
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին չի կարող մեկնաբանել, թե ինչու է բարձրացել բենզինի գինը։
«Այս պահին որևէ գնահատական չեմ կարող տալ, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած գնային փոփոխության վերաբերյալ, այո, հանձնաժողովն արձանագրել է գնային բարձրացումը՝ 10-20 դրամով. որոշ բենզալցակայաններում բենզինի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով, որոշներում՝ 20-ով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովը չի կարող անմիջապես գնահատկան տալ իրավիճակին։
«Մենք արագ ուսումնասիրություն ենք սկսել, պահանջել ենք տեղեկատվություն ներկայացնել բենզինի ներկրմամբ զբաղվող գերիշխող տնտեսվարողներին, զուգահեռաբար ուսումնասիրում ենք նաև միջազգային գները, որտեղից ներկրվում է բենզինը Հայաստան», - նշեց Գայանե Սահակյանը։
Նա ընդգծեց՝ երբ այդ երկու տեղեկատվությունները կլինեն հանձնաժողում, դրա արդյունքում միայն ՏՄՊՊՀ-ն կկարողանա գնահատական տալ։
«Միակ բանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ հանձնաժողովը կատարում է ուսումնասիրություն ու հնարավորինս արագ ժամկետներում կփորձի ավարտին հասցնել ու ամբողջական գնահատական տալ, թե ինչ է փոխվել, այսինքն՝ հանձնաժողովն ուսումնասիրելու է գնագոյացման ամբողջ շղթան, որից հետո միայն պարզ կլինի գնի փոփոխության պատճառը», - նշեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը։
Հարցին՝ հնարավո՞ր է գինը նորից բարձրանա կամ, հակառակը, իջնի, Գայանե Սահակյանն ասաց, որ չի կարող այս պահին նման կանխատեսում անել։
«Հանձնաժողովն ընդհանրապես շուկայի վերաբերյալ կանխատեսումներով չի զբաղվում, մենք պարզապես գնահատական ենք տալիս ստեղծված իրավիճակին, թե ինչքանով այն կարող է մրցակցության խաթարման հետևանք լինել», - հավելեց ՏՄՊՊՀ խոսնակը։