26/09/2017 12:21
Քրդերի հանրաքվեն Հայաստանի համար կարող է լինել և՛ հնարավորություն, և՛ սպառնալիք. Թուրքագետ
Իրաքի քրդերի անկախության հանրաքվեից հետո հաշվարկվել է քվեաթերթիկների մեծ մասը. շուրջ 93 տոկոսանոց արդյունքով հաղթում է անկախության հանրաքվեի կողմնակիցների ճակատը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Նման արդյունքը սպասելի էր: Եթե տեղի չունենար որևէ անսպասելի իրադարձություն՝ ահաբեկչություն, ռազմական գործողություն և այլն, ապա նախատեսվում էր նման արդյունք՝ բարձր մասնակցություն, իսկ մասնակիցների բացարձակ մեծամասնությունը պետք է կողմ քվեարկեր անկախության գաղափարին», - հավելեց Գեղամյանը:
Անկախության հանրաքվեն դեռ չի նշանակում պետության ստեղծում, այլ, Վ. Գեղամյանի խոսքով, պետության ստեղծման ճանապարհին կարևորագույն քայլ: Ըստ թուրքագետի՝ այն տարածքը, որտեղ քրդերը փորձում են ստեղծել Քուրդիստան պետությունը, սահմանափակվում է ոչ միայն Հյուսիսային Իրաքով, այլ նաև հավակնություն ունի դուրս գալ այդ երկրի սահմաններից: Իսկ այդ հանգամանքը, թուրքագետի խոսքով, կարող է առնչվել երեք խոշոր երկրներին՝ Թուրքիային, Իրանին և Սիրիային:
«Այս բոլոր տարածքներում քրդական ազգայնական զանգվածները հավակնություն ունեն ունենալ մեկ միասնական պետություն, ինչին հասնելու առաջին քայլը Հյուսիսային Իրաքում ինքնավարությունը պետականության վերածելն է», - նկատեց Վարուժան Գեղամյանը:
Ըստ վերջինիս՝ Իրաքի քրդերը եթե շարունակեն այս ճանապարհով, ապա կարող են իրական վտանգ ներկայացնել Սիրիայի, Թուրքիայի և Իրանի համար նաև այն պատճառով, որ Քուրդիստանը կախված է լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից:
«Եթե ժամանակային մեծ հատվածով դիտարկենք այս իրադարձությունը, ապա կարող ենք տեսնել, որ փաստորեն, 1918 թվականից հետո ձևավորված Մերձավոր Արևելքը իր սահմաններով փոփոխության է ենթարկվում: Եվ առաջին անգամ այսքան գլոբալ կերպով», - նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է տարածաշրջանի երկրները ճանաչեն քրդերի անկախությունը, թուրքագետը պատասխանեց, որ այս փուլում դեռ որևէ հստակ բան չկա, որ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչեն: Նրա խոսքով՝ բացի իրաքյան քրդերից, անկախության հանրաքվեին բացահայտ կերպով կողմ է արտահայտվել միայն Իսրայելը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս իրադարձությունների համատեքստում, ըստ Վարուժան Գեղամյանի, մեր երկիրը պետք է «մատը զարկերակի վրա պահի», քանի որ զարգացող գործընթացները շատ արագ կողմնորոշում են պահանջելու:
«Այն, ինչ կատարվում է այս տարածաշրջանում, Հայաստանի համար կարող է լինել և՛ հնարավորություն՝ տարածաշրջանային ազդեցությունն ու ներգրավվածությունը մեծացնելու առումով, օրինակ՝ իրաքյան տնտեսության մեջ, և՛ կարող է լինել սպառնալիք, քանի որ կարող են սկսվել ռազմական գործողություններ: Իսկ Հայաստանին մոտ սահմանային գործողությունները բնական է, որ այդքան էլ լավ բան չեն: Սա ունի հավակնություն Մերձավոր Արևելքում դառնալ շղթայական գործողությունների պատճառ», - նշեց Վ. Գեղամյանը: