26/09/2017 13:16
ԿԳ նախարարը չի շտապում միջամտել Շիրակի պետական համալսարանի աղմկահարույց զարգացումներին
Շիրակի պետական համալսարանում զարգացումների մասին զեկուցագիր է պատրաստվել ու ներկայացվել կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
«Դասախոսների նամակը և դրա հետ կապված այլ տեղեկություններ մենք զեկուցագրով ներկայացրել ենք նախարարին: Կուսումնասիրվի և եթե որոշում կայացվի, համապատասխան հաղորդագրություն կտարածենք», - հավելեց Բաղդասարյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է Լևոն Մկրտչյանը այցելել համալսարան, մոտիկից ծանոթանալ վիճակին, խոսել կողմերի հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «Նախարարն այս պահին Երևանում է և Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարին է ուղեկցում»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի պետական համալսարանում իրավիճակը թեժ է. երեկ երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը, ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակով տեղեկացրին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի ոչ մասնագիտական գործունեության մասին, իսկ այսօր 100-ից ավելի ուսանողներ դասադուլ են անում: