26/09/2017 15:56
Այո, խնդիր կա. Շիրակի պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնում խնդիր կա և դա փաստ է, այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը:
«Չեմ կարող ասել, թե արդյոք այդ խնդիրը պայմանավորված է ամբիոնի վարիչով, բայց ես այդ կարծիքին չեմ: Խնդիրը ծագել է իմ պաշտոնավարումից առաջ ամբիոնի վարիչի ընտրություններից: Ցավով պետք է նշեմ, որ չենք կարողացել լուծումներ առաջարկել ու քննարկումներ տանել, որ խնդիրը հարթվի: Բայց այն, որ ամբիոնում խնդիր կա, դա հաստատ է», - հայտարարել է ռեկտորը՝ վստահեցնելով, թե խնդիրը կլուծվի:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի պետական համալսարանում իրավիճակը թեժ է. երեկ երկու դասախոս՝ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը, ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակով տեղեկացրին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի ոչ մասնագիտական գործունեության մասին, իսկ այսօր 100-ից ավելի ուսանողներ դասադուլ են անում:
Նկատենք, որ երեկ նամակի հրապարակումից ժամեր անց պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, թե ռեկտոր Սահակ Մինասյանը հաշվեհարդար է տեսել իր նկատմամբ. արտահերթ նիստում բուհի գիտխորհուրդը անվստահություն է հայտնել ամբիոնի վարիչի պաշտոնում Խորիկյանի նկատմամբ։
Այսօրվա ասուլիսում ռեկտորը ասել է, որ իր՝ որպես գործատուի իրավունքն է ամբիոնի վարիչի պաշտոնակատարին ազատել կամ չազատել աշխատանքից, իսկ գիտխորհուրդը կարող է միայն միջնորդություններ ներկայացնել այս կամ այն հարցի վերաբերյալ:
«Մենք ամբիոնում խնդիր ունենք, որը պայմանավորված չէ Խորիկյանի պաշտոնավարումով, եկեք չանձնավորենք: Ամբիոնում խնդիրը կլուծվի, կհարթվի ու բոլորը միասին կաշխատեն», - ասել է ռեկտորը: