26/09/2017 16:51
Շտապօգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ. Փոխնախարար
Շտապօգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ, Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաողջապահության նախարարի ֆինանսական գծով տեղակալ Սամվել Մարգարյանը:
Նշենք, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ շտապօգնության որոշ ծառայություններ կարող են ՀՀ-ում դառնալ վճարովի: Նախարարը վկայակոչել էր Իսրայելի օրինակը՝ նշելով, որ այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելը, սրսկում կատարելը, զրուցելը, ջերմություն իջեցնելը և բոլոր այն կանչերը, որոնք ոչ շտապ կերպով պետք է կատարվեն, վճարովի են:
«Նման հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց չկա», - ասաց Սամվել Մարգարյանը:
Վերջինս ընդգծեց, որ կանչերի վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս՝ դրանց 65 տոկոսը չեն մտնում շտապօգնության չափոփորոշիչի մեջ:
«Ծառյությունները վճարովի դարձնելու մասով նախարարության օրակարգում չկա, խոսքը մտահոգության մասին է», - ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսով փորձ է արվում ակտիվացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, որպեսզի խրոնիկ հիվանդները օրը մի քանի անգամ չզանգահարեն շտապօգնություն, այլ՝ օգտվեն ընտանեկան բժշկի ծառայություններից: