26/09/2017 10:32
Վերնիսաժի մոտ սպանության գործով կասկածյալը մասնակի է ընդունում մեղադրանքը
Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով կասկածյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, որն այժ կալանավորված է, մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Նա ընդունում է, որ մյուս մեղադրյալների հետ դեպքի վայրում է գտնվել, բայց նա մտադրված չի եղել սպանել որևէ մեկին նույնիսկ չի իմմացել, որ նրանք կրակելու են», - ասաց Ֆարմանյանը։
Փաստաբանը պատրաստվում է առաջիկա օրերին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։
Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանին և մյուսներին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (Սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք ունենալը)։
Մարինե Ֆարմանյանն ասաց, որ իր պաշտպանյալը նախկինում շինարար է եղել, այժմ տաքսու վարորդ է և պատահաբար է ծանոթացել մյուս մեղադրյալներ Արմեն Կարադավիդովի ու Ալբերտ Բլբուլյանի հետ, որոնց տաքսու ծառայություններ է մատուցել։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։ Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որից անմիջապես հետո նա դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ՔԿ-ից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։