26/09/2017 13:30
Հայ և ռուս բժիշկները փորձի փոխանակման ծրագրեր կիրականացնեն
Հայ-ռուսական առողջապահական համաժողովը լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպման ժամանակ:
«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել», - ասել է նախագահ Սարգսյանը:
ՌԴ առողջապահության նախարարը նշել է, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:
Նախարար Սկվորցովան նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: