26/09/2017 13:48
Ամենայն հավանականությամբ՝ Խոսրովի անտառի հրդեհը տեխնածին և մարդածին բնույթ է ունեցել. նախարար
Ամռան ընթացքում հանրապետությունում բռնկված հրդեհները միայն եղանակով պայմանավորված չէին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք ամեն ինչ չենք պայմանավորում միայն եղնակային պայմաններով: Հարուցված քրգործերի արդյունքում ավելի պարզ կլինի՝ հրդեհները բացառապես եղանակային բնույթ են կրել, թե մարդկային ու տեխնածին», - նշեց նախարարը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառի» հրդեհին:
Նա ընդգծեց, որ հրդեհի հաջորդ օրը արբանյակներից ստացված նկարները ցույց են տվել, որ միաժամանակ երեք օջախ է եղել: «Դրանց առկայությունը բնական պայմաններով բացատրելն անհար է: Դա կարող էր առաջանալ, եթե կայծակ լիներ», - նշեց նա:
Անդրադառնալով հրդեհից ստացված վնասներին՝ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ այրված 2200 հա հողատարածքից 900 հա կաղնուտ է այրվել, որի մասով վնասը մեծ չի եղել, իսկ 1100 հա այրված հողատարածք էլ կվերականգնվի աշնանային և գարնանային անձրևների ժամանակ:
«Վայրի խոշոր կենդանիների մասով որևէ կորուստ չենք արձանագրել: Մորեխների մասով որոշակի անկումներ կան, շատ քիչ քանակություն էլ սողունների մասով: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ մեր հիմնական կորուստը գիհուկների մասով է արձանագրվում: Գիհու ծառատեսակներ ունեինք, որոնք մի քանի հարյուր տարվա պատմություն ունեին», - ասաց նախարարը՝ հավելելով, որ նկատվում է խոշոր կենդանիների վերադարձ:
Արծվիկ Մինասյանը նաև նկատեց, որ նախատեսվում է ընդլայնել անտառը՝ ստեղծելով բուֆերային գոտիներ և արգելավայրեր, ինչպես նաև նախատեսվում է այգում կապի միջոցներ տեղադրել: