06/10/2017 15:19
Կապանի օդանավակայանի համար 5,5 մլն եվրոյով ձեռք բերված ինքնաթիռը 2018-ի մարտին կլինի Հայաստանում. Վահե Հակոբյան
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հուսով է, որ մոտ ապագայում մարզում կհեշտացվի բոլորի կյանքը:
«2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից սկսեցինք Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 2 միլիոն դոլար», - այսօր Սյունիքի մարզպետարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահե Հակոբյանը, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Նա նշեց, որ երկու օր առաջ կնքել են պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել են L-410 մակնիշի ինքնաթիռ:
«19 տեղանոց ինքնանթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ», - ասաց մարզպետը:
Նա նշեց, որ ինքնաթիռն արժեցել է 5,5 միլիոն եվրո:
«1,5 միլիոնը իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու», - ասաց Վ. Հակոբյանը:
Սյունիքի մարզպետը վստահեցրեց, որ Կապանի օդանավակայանի կառուցումը իրենց համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ:
«Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ, մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում: Մեծ հույսեր ենք կապում», - ասաց Վահե Հակոբյանը:
Մարզպետն ընդգծեց, որ դեռ տոմսերի գները վերջնական որոշված չեն, սակայն ասաց, որ նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու:
«Լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիներ ունեցող մարդկանց համար, որ նրանց կարողանանք շտապ Երևան հասցնել», - ասաց Վ. Հակոբյանը:
Նա հավելեց նաև, որ գնված ինքնաթիռն արդեն մարտին կլինի Հայստանում: